Խավարասերների և գիշատիչ մորեխների նախնուն գիտնականները ենթարկել են տոմոգրաֆիայի: Նրանք ստացել են շուրջ 300 մլն տարի առաջ գոյություն ունեցած միջատների երկու թրթուրների եռաչափ պատկերը: Այս մասին հաղորդում է NatureNews-ը:
Հնէաբանները հետազոտել են Ֆրանսիայի տարածքում հայտնաբերված երկու բրածոներ: Ռենտգենյան միկրոտոմոգրաֆիայի մեթոդի շնորհիվ հնարավոր է եղել պարզել, թե ինչպիսին են եղել այդ միջատները: Դրանցից մեկն իրենից ներկայացրել է 2 սմ երկարությամբ անթև թրթուր: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տվել հայտնաբերել նրա բեղիկները, վերջույթներն ու նույնիսկ լավ պահպանված բերանի ապարատը: Դատելով նրա կառուցվածքից՝ միջատը սնվել է բույսերով` ինչպես ժամանակակից խավարասերները:
Հեղինակների խոսքով՝ միջատը եղել է խմբի ներկայացուցիչը, որն այնուհետև ճյուղավորվել է խավարասերների և գիշատիչ մորեխների:
Մյուս բրածոն ավելի քիչ է նման եղել իր ժամանակակիցներին: Նրա կուրծքն ու գլուխը պատված են եղել բազմաթիվ երկար ելուստներով, որոնք, հավանաբար, նրան պաշտպանել են գիշատիչների համար սնունդ դառնալուց:









































