Սիրիայի անվտանգության ուժերի և Սիրիայի ազատ բանակի ապստամբների միջև մարտեր են ընթանում Դամասկոսի կենտրոնում՝ բանակի գլխավոր շտաբի մոտ, որտեղ այսօր երկու պայթյուն էր իրականացվել: Այս մասին հաղորդում է «Ալ-Մայադին» արբանյակային հեռուստաալիքը:
Վերջին երկու ժամերի ընթացքում հրաձգության ձայներ են լսվում Օմայան հրապարակի տարածքից, որտեղ գտնվում է գլխավոր շտաբը: Սիրիայի անվտանգության ուժերը, պետական հեռուստաալիքի հաղորդմամբ, «պայթյունների շրջանում հետապնդում են ահաբեկչական խմբավորումներին»:
Իրանական արբանյակային «Ալ-Այամ» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Սիրիայի ազատ բանակի զինյալները փորձել են ներխուժել Սիրիայի պետական ռադիոյի և հեռոստատեսության շենք, որը նույնպես գտնվում է Օմայան հրապրակում՝ գլխավոր շտաբի դիմաց:
Օմայան հրապարակում զինված բախումը սկսվել է այսօր առավոտյան իրականացված երկու պայթյուններից հետո: Դրանց հետևանքներն առայժմ հայտնի չեն, սակայն ըստ «Ալ-Մայադին»-ի՝ «դատելով պայթյունների ուժգնությունից, որոնց ձայնը լսելի էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա, դրանք առանց ուժեղ ավերածությունների և զոհերի չէին լինի»:
Այնուամենայնիվ, Associated Press-ը հայտնում է, որ պայթյունների հետևանքով զոհեր չկան:
Դեպքի վայրը շարունակում է շղթայված մնալ Սիրիայի անվտանգության ուժերի կողմից:
Նշենք, որ սա վերջին երկու ամիսներին գլխավոր շտաբը պայթեցնելու արդեն երրորդ փորձն է:









































