Կառավարության վերջին նիստից հետո աշխատանքից ազատվեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետ Հակոբ Բեգլարյանը: Իսկ պատճառը պետական գնումների ոլորտում հայտնաբերված չարաշահումներն են եղել, որոնց մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանն իր հայտնի խորհրդակցության ժամանակ: «Ժողովուրդ»-ը, սակայն, պարզել է, որ այս ՊՈԱԿ-ը 2011թ. ի վեր չի զբաղվում պետական գնումների իրականացմամբ, այժմ որպես պատվիրատու հանդես են գալիս պետական գերատեսչությունները: Իսկ այս ՊՈԱԿ-ը, ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, ունի այլ լիազորություններ` հիմնականում խորհրդատվական բնույթի:
Փաստորեն, վարչախմբին անհրաժեշտ էր նախագահական ընտրություններից առաջ շռնդալից շոու ներկայացում կազմակերպել: Թե ինչ ձևով, դա արդեն որևէ մեկին չի հետաքրքրել: Միայն թե այսօր դժվար է գտնել գոնե մեկին, որն այդ խորհրդակցությունից հետո հավատացած լինի իշխանությունների անկեղծությանը:







































