Ֆրանսիական Closer տաբլոիդի գլխավոր խմբագիր Լորենս Պիոն հայտնել է, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչել պարբերականում Քեմբրիջի դքսուհու կիսամերկ լուսանկարների հրապարակումից հետո: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Ընդհանուր առմամբ, շաբաթաթերթի խմբագրությունը ստացել է մոտ 300 վիրավորական նամակ: Դրանցից 14-ը, որոնցում հնչեցվում են հաշվեհարդարի սպառնալիքներ և լրագրողուհուն հետապնդելու խոստումներ, Closer-ի խմբագրությունը հանձնել է ոստիկանությանը:
Ֆրանսիական Closer պարբերականը առաջինը հրապարակեց Քեյթ Միդլթոնի կիսամերկ լուսանկարները: Պիոն այդ ժամանակ հայտարարել էր, որ լուսանկարներում ոչ մի «ապշեցուցիչ» բան չկա:
Հրապարակումից անմիջապես հետո թագավորական ընտանիքը դատական հայց ներկայացրեց պարբերականի դեմ:
Closer-ից բացի, լուսանկարները հրապարակեցին իռլանդական Irish Daily Star թերթը, իտալական Chi տաբլոիդը, դանիական Se Og Hor ամսագիրը և շվեդական Se och Hoer-ն: Թագավորական ընտանիքն առայժմ նրանց ոչ մի պատժամիջոցներով չի սպառնացել:
Բրիտանական ԶԼՄ-ներից ոչ մեկը Քեյթի լուսանկարները չի հրապարակել:








































