Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հանդիպել է Վրաստանում հավատարմագրված Չեխիայի ու Գերմանիայի դեսպանների հետ:
Բուրջանաձեն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են Վրաստանում նախընտրական ծանր շրջանը, մինչև հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ու դրանից հետո իշխանությունների կողմից հնարավոր սադրանքների գնալը:
Բացի այդ, քննարկվել է վերջին շրջանում վրաց հասարակությանն ապշեցրած բանտային սկանդալը, ինչը հանգեցրել է բողոքի զանգվածային ակցիաների: Բուրջանաձեն միջազգային հանրությանը կոչ է արել մեծ ուշադրություն հատկացնել ընտրություններին և դրանք գնահատել օբյեկտիվ ու ադեկվատ:
Բուրջանաձեն պատրաստվում է հանդիպել Հունաստանի ու Իտալիայի դեսպանների հետ ևս: Ի դեպ, Բուրջանաձեի կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին:










































