Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունները միատեղելու վերաբերյալ առայժմ որևէ քայլ չի արվել և նման հրահանգ չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան լրատվական ծառայությունից՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Կանադայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները համաձայնության են եկել մի շարք երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները միավորելու շուրջ: Այս մասին CBC կանադական հեռուստաալիքին հայտնել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը՝ նշելով, որ դիվանագիտական ներկայացուցչությունների միավորմամբ հնարավոր կլինի ընդլայնել ընկերություններին և մասնավոր անձանց ծառայությունների ապահովման հնարավորությունները` քիչ ծախսերով:
ՀՀ-ում ՄԲ դեսպանությունից պարզաբանեցին, որ խոսքը վերաբերում է Բրիտանիայի և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունները ոչ թե միավորելու, այլ պարզապես նույն շենքում տեղակայելու մասին: Յուրաքանչյուր երկրի դեսպանության գործառույթները չեն փոխվելու, և դրանք առանձին են լինելու:
Նշենք, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանություն չի գործում, դեսպանի նստավայրը Մոսկվայում է: Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոսն է Արտաշես Էմինը:










































