Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանության համար 2011 թ. պետբյուջեով հատկացվել է 2.7 մլրդ դրամ գումար: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2011 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ցուցանիշների ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Բյուջեի ձևակերպումը տարակուսանք առաջացրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի մոտ: Նա հարցրեց, թե արդյոք Ջանջուղազյանը ճի՞շտ հնչեցրեց արտահայտությունը, և հաստատող պատասխան ստանալուց հետո նկատեց. «Հետագայում աշխատակազմի ղեկավարից կպահանջենք, որ մեզ պահպանեն»:
«Ջհանգիրյան, մի անհանգստացեք»,- արձագանքեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Ըստ Ջանջուղազյանի ներկայացրած տվյալների՝ ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվել է 3.625 մլրդ դրամ, որից 119 մլն դրամը՝ «Հանրային տեղեկատվության և իրազեկման» ՊՈԱԿ-ին, կառավարությանը՝ 28 մլրդ 635 մլն դրամ:
ԱԱԽ-ին հատկացվել է 346 մլն դրամ, ՀՀ արդարադատության նաախարարության հատկացումը կազմել է ընդհանուր 12.9 մլրդ դրամ, կատարողականը 100.31% է, հավելումը արտաքին ֆինանսական աջակցություն է: ԴԱՀԿ-ին հատկացումը կազմել է 644 մլն դրամ, քրեակատարողական հիմնարկների պահպանմանը՝ 6.99 մլրդ դրամ, դատախազությանը՝ 3 մլրդ դրամ, դատարանների պահպանման համար՝ 115 մլն դրամ: Վերահսկիչ պալատին հատկացվել է 808.6 մլն դրամ, ԿԸՀ-ին՝ 423 մլն դրամ: Գրեթե բոլոր դեպքերում կատարողականը, ըստ Ջանջուղազյանի, կազմել է 98-99% և ավելի: