Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ-ն) մտադիր է Սաֆարովի գործով դիմել ՄԻԵԴ և Հաագայի միջազգային դատարան: Այս նախաձեռնության արդյունավետության շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի հետ:
Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունն ունի Սլովակիայի և Եվրոպայի իրավաբաններից կազմված շատ լուրջ խումբ: Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից հետո քննարկել են Հունգարիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցն ու շատ կարևոր եզրակացության հանգել:
«Կարելի է մեղադրել Ադրբեջանին պետական ահաբեկչություն կազմակերպելու մեջ, որը սարսափելի մեղադրանք է: Եթե մենք սա կարողանանք հաստատել, նրանք թալիբների օրը կընկնեն: Մեր սլովակ և եվրոպացի իրավաբանները վերլուծեցին իրավիճակը: Հանցագործը հանցագործության իրականացման ընթացքում գտնվել է աշխատանքային գործուղման մեջ՝ ՆԱՏՕ-ի դասընթացներին, հանցագործն, ակնհայտորեն, առաջադրանք է ստացել նախագահ Ալիևի կողմից, ակնհայտ է նաև, որ նա ստացել է հավաստիացումներ, որ ոչ մի դեպքում մահապատժի չի ենթարկվի, այլ կվերադարձվի հայրենիք, և բացի այդ` Սաֆարովը նախկինում վերապատրաստվել է Թուրքիայի ռազմաբազայում: Այնպես որ` մենք պայքարը կշարունակենք նաև Հաագայի դատարանում»,- քայլերի հերթականությունը հստակեցրեց Աշոտ Գրիգորյանը:
Անդրադառնալով Հունգարիային պատասխանատվության ենթարկելու հարցին՝ նա ասաց, որ Հունգարիան նույնպես խախտել է Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի իրավունքը և մարդասպանին բանտից բացարձակապես անօրինական ճանապարհով է ուղարկել Բաքու, երբ բոլորին էր հայտնի, թե որն էր լինելու Բաքվի հաջորդ քայլը: Այս ամենին եթե գումարենք նաև այն, որ կան հիմնավորված փաստարկներ պետական կոռուպցիայի վերաբերյալ, ապա կոռուպցիայի կասկածանքով գործ պետք է հարուցվի Վիկտոր Օրբանի և նրա շրջապատից մի քանիսի դեմ:
«Հիմա հասկանում եմ, որ պետք է պայմանավորվել Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի հետ, որպեսզի մենք իրավունք ունենանք հարցը ներկայացնելու ՄԻ եվրոպական դատարանում: Այստեղ իրավահաջորդի մասնակցությունն է շատ կարևոր, իսկ ՀՀ-ի հետ քննարկումների արդյունքում մենք մեր հետագա քայլերը կարող ենք քննարկել` Հաագայի դատարան դիմելու համար»,- պարզաբանեց Աշոտ Գրիգորյանը: Վերջինիս համոզմամբ` իրենք կհաղթեն միջազգային դատարաններում:
Նա նաև նշեց, որ Հունգարիան ինքնամաքրվելու փոքր շանս ունի. Վիկտոր Օրբանը կարող է Սաֆարովին վերադարձնել Հունգարիա և հայերից ներողություն խնդրել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































