Չեչնիայի խոշորագույն երկու պրովայդերներ մասնակիորեն արգելափակել են YouTube-ը: Արգելափակման պատճառն այն է, որ ռեսուրսի ղեկավարությունը մերժել է հանել հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությունը, որը Չեչնիայի դատախազությունը համարում է ազգամիջյան և միջկրոնական անհանդուրժողականություն սերմանող: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն:
Մոտ ժամանակներս երկու պրովայդերների օրինակին կհետևեն այլ ընկերություններ ևս: «Դատախազությունը կապի ծառայություններ մատուցողից պահանջել է միջոցներ ձեռնարկել»,- ասված է երկրի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ֆիլմի առնչությամբ բողոքի ալիք էր բարձրացել Եգիպտոսում, Եմենում, Թունիսում, Սուդանում, Աֆղանստանում և մուսուլմանական այլ երկրներում: Բենղազիում ամերիկյան ներկայացուցչության վրա կատարված հարձակման արդյունքում սպանվել էին ԱՄՆ դեսպանը և դեսպանատան ևս 3 աշխատակից:
Նշենք, որ YouTube-ն արդեն իսկ արգելափակված է Պակիստանում, Աֆղանստանում, Բանգլադեշում և Սուդանում: Ֆիլմն անհասանելի է Հնդկաստանում, Եգիպտոսում, Լիբիայում և Մալայզիայում:







































