ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում գործարկվելու է նոր գործիք՝ արտարժութային պարտատոմսեր:
Արտարժութային պարտատոմսերը՝ ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսեր են, որոնք արտահայտված են արտարժույթով: Այս պարտատոմսերը կարող են շրջանառվել բորսայական շուկայում Բորսայի կողմից առևտրի թույլատրում ստանալուց կամ ցուցակումից հետո:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում նոր գործիքի կիրառումը թողարկողներին և շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղաբաշխել և առևտուր կազմակերպել արտարժութային պարտատոմսերով, այլ նաև կնքել համապատասխան ռեպո գործարքներ:
Բորսայից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ նոր գործիքի ներդրման նպատակն է ընդլայնել հանրության և հայկական ընկերությունների ներդրումային և կապիտալի ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև խթանել արտասահմանյան ներդրումների ներհոսքի հայկական արժեթղթերի շուկա:








































