Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում եռօրյա ընդմիջումից հետո վերսկսվել են ուսանողների բողոքի ակցիաները: Ուսանողները, որոնք ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայային ձերբակալելու վերաբերյալ վերջնագիր էին ներկայացրել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, շարունակում են հանդես գալ բանտային սկանդալում ներառվածներին քրեական պատասխանատվության ենթարկելու օգտին:
Վրաստանի գլխավոր բուհի՝ Թբիլիսիի պետական համալսարանի հազարավոր ուսանողներ դասընթացների ավարտից հետո դուրս են եկել քաղաքի փողոցներ: Նրանց աջակցել են այլ բուհերի ուսանողներ: Երկու ուսանողներ վնասել են իրենց և իրենց արյամբ շապիկներին գրել՝ «Ես սիրում եմ ոստիկանությունը»:
Ուսանողներն իրենց ակցիաներն իրականացնում են Թբիլիսիի տարբեր հատվածներում: Նրանք շարժվել են նաև դեպի պաշտպանության նախարարություն՝ պահանջելով ապաքաղաքականացնել բանակը:
Ուսանողական բազմահազարանոց ակցիա է անցկացվում նաև Բաթումում, որին մասնակցում են տարբեր բուհերի ներկայացուցիչներ: Նրանք քաղաքական գործիչներին խնդրել են չգալ իրենց ակցիաներին՝ պնդելով, որ իրենք ունակ են հաղթել հասարակության մեջ տիրող բռնությանը:








































