Իսրայելի դատարանը երկրի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին մեղադրել է կոռուպցիայի մեջ և դատապարտել պայմանական մեկ տարվա ազատազրկման: Բացի այդ, կառավարության նախկին ղեկավարին պարտավորեցրել են վճարել 75,300 շեկելի (15 հազար եվրո) չափով տուգանք:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Օլմերտը մեղավոր է ճանաչվել Երուսաղեմում «Հոլիենդ» բնակելի համալիրի շինարարության ժամանակ կաշառք վերցնելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ 1994-2007թթ. ընթացքում շինարարությունն իրականացնող ընկերությունը քաղաքային պաշտոնյաներին մի քանի միլիոն շեկել է վճարել նախագիծն առաջ տանելու և դրանում մի շարք փոփոխություններ մտցնելու համար:
Այդ ժամանակահատվածի մեծ մասում Օլմերտը զբաղեցնում էր Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնը: Նրանից բացի՝ կաշառք վերցնելու, խաբեության և չարաշահումների մեջ մեղադրվում է ևս 18 մարդ, այդ թվում` Օլմերտի գրասենյակի նախկին ղեկավար Շուլա Զակտենը և Երուսաղեմի մեկ այլ քաղաքապետ` Ուրի Լուպոլյանսկին:









































