Ուրբաթ օրը բազմաթիվ մարդիկ ժամերով հերթ են կանգնել երկար փափագած iPhone 5-ի ձեռքբերման համար, բայց իրենց նոր սմարթֆոնների վրա հայտնաբերել են քերծվածքներ և փոսեր:
Դժգոհ գնորդները Apple նոր արտադրանքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել համացանցային ֆորումներում: Վնասվածքներն ալեհավաքի, էկրանի, սմարթֆոնի կողային հատվածներում են:
Համաձայն MacRumors կայքում հրապարակած կարծիքների` վնասված են հիմնականում սև iPhone-ները:
«Այսօր ես տուփից հանել եմ իմ նոր iPhone 5-ը և բացահայատել որոշ քերծվածքներ: Թերևս հավաքողներն են քերծել այն փաթեթավորելու ժամանակ, դրանք առկա են էկրանի մոտ, ներքևում՝ կափարիչի ներքևի մասում»,- նշում է MacRumors կայքի spr97ajm օգտատերը: Ապա շարունակելով նշում է. «Իհարկե, դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում, բայց այժմ ես տեսնում եմ, որ կաղապարը փափուկ է և շուտ կքերծվի»:
Apple-ի վաղեմի երկրպագուներից մեկը ֆորումում նշել է` «Ես 15 րոպե առաջ ստացա իմ նոր iPhone-ը և շատ ուրախ եմ: Բայց մանրամասն ուսումնասիրելուց հետո նկատեցի քերծվածքներ հետևի ձախ հատվածում»:
Որոշ դժգոհ օգտատերեր Twitter-ում իրենց բողոքն են հայտնել ոչ լիարժեք անոդացված ալյումինե կաղապարի համար և քերծվածքներից պաշտպանված չլինելու համար:
«Հենց նոր հանեցի իմ iPhone-ը և նկատեցի աջ վերևի անկյունում քերծվածքներ: Ինչ-որ չինացի ինձնից ավելի շուտ է քերծել իմ սմարթֆոնը»,- նշում է Peter G. @iheijoushin օգտատերը:
Բրիտանացի օգտատերերը ևս իրենց դժգոհություններն են հայտնել. «Իմ iPhone-ի հետևի կափարիչին քերծվածքներ կան, իսկ մեկ ուրիշը նշում է. «Եթե iPhone 5 եք ընտրում, ավելի լավ է սպիտակը»:
MacRumors կայքում` Apple-ի խոշոր ֆորումում, հոդված է տեղադրվել սև iPhone-ի լուսանկարներով, որտեղ հեղինակը մտածված կերպով քերծել է սև iPhone –ի կաղապարը` ստուգելու ալյումինե ծածկույթի անոդացված լինելը, նա քերծել է բանալիով և SIM քրտով:
Դժգոհություններ կան նաև iPhone 5-ի ծրագրային մասով` հատկապես Google Maps-ի փոխարինումը IOS 6-ով, որը, որպես կանոն, նորմալ չի աշխատում, նույնիսկ սխալ է ցույց տալիս քաղաքների անունները:






































