«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում սեպտեմբերի 27-ից կմեկնարկի միջոցառումների շարք Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում:
«Միջոցառումներն այդ օրերի շրջանակում չորսն են, իսկ սեպտեմբերի 29-30-ը արվեստի կենտրոն մուտքն անվճար է լինելու բոլոր ցանկացողների համար:
Բոլոր ցանկացողները վերցնելու են այցելուների կենտրոնում ԳԱԿ-ի քարտեզը և անցնելու են իրենց մշակութային ճանապարհը մեր կենտրոնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը: Ի դեպ, այս երկու օրերին արվեստի կենտրոնում ժ. 16:00-ին կազմակերպվելու են անվճար էքսկուրսիաներ:
Միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 27-ին «Հանդիպում արվեստի հետ» խորագրով տեղի կունենա դասախոսություն-քննարկում՝ նվիրված ԳԱԿ-ի ցուցադրություններին, նոր արվեստանմուշներին և ներկայացված արվեստագետներին, իսկ սեպտեմբերի 28-ին «Կարին» ավանդական երգի-պարի համույթն ու արվեստի կենտրոնը հրավիրում են Կասկադ՝ սովորելու հայկական ավանդական պարեր: Նշենք, որ այդ օրվա ծրագրված երեկոն վերջին նման միջոցառումն է լինելու այս տարի:
Սեպտեմբերի 29-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հատուկ հանդիսությունների սրահում» ելույթ կունենա Աղվան Պապոյան սոուլ նվագախումբը, որը կներկայացնի եվրոպական հիթեր՝ սոուլ, ջազ, բլյուզ:
Միջոցառումների սկիզբը՝ ժ. 19.00-ին:
«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991թ. Եվրախորհրդի կողմից:







































