Ճամբարակում ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ չեն եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ճամբարակի քաղաքապետ, քաղաքապետի միակ թեկնածու Յուրիկ Ավալյանը՝ խոսելով ընտրությունների շուրջ:
Նա տեղեկացրեց, որ Ճամբարակն ունի 5400 ընտրող, որոնք փոքր- ինչ պասիվությամբ են մասնակցում ընտրություններին:
«Կա հետաքրքրություն ընտրությունների նկատմամբ, բայց քանի որ քաղաքապետի մի քանի թեկնածուներ չկան, մրցակցություն չկա, հետևաբար նաև ընտրողների մեծ ակտիվություն չկա: Ահազանգեր, արձանագրություններ չկան, ընտրախախտումներ էլ չկան, պայքար չկա, որ խնդիրներ առաջանան, ուրիշ պայքարող թեկնածու չկա, որ խնդիրներ առաջացնի»,- մանրամասնեց Յուրիկ Ավալյանը:
Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներից 318-ում:







































