Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ էդգար Ղազարյանն այսօր զբաղված է մարզում խաղաղ ընտրություններ ապահովելու գործով: «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի մարզպետն այս ընտրություններից՝ հաշվի առնելով, որ մարզի երկու խոշոր քաղաքներում՝ Վայքում ու Եղեգնաձորում ընտրապայքարն ընթանալու է ՀՀԿ և ԲՀԿ թեկնածուների միջև, պատասխանեց. «Խաղաղ ընթացք, էս պահին մեզ ուրիշ բան չի հետաքրքրում: Ժողովուրդն ում ընտրի, նա էլ կընտրվի: Ուրիշ ակնկալիքներ չունենք այսօրվա դրությամբ, որովհետև մենք ընտրական փուլում ենք՝ ընտրությունների օրն է»,- ասաց մարզպետը:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանից առաջ մարզը ղեկավարել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը: Բոլորովին վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում էդգար Ղազարյանն ասել, էր որ ԲՀԿ-ից մարզն ստացել է քանդված վիճակում: Պատասխանելով մեղադրանքին՝ Սերգեյ Բագրատյանն ասել էր, թե Վայոց ձորը բարգավաճ վիճակում է:
Նշենք, որ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում գործող ՀՀԿ-ական քաղաքապետի՝ Սիրեկան Բաբայանի մրցակիցը ԲՀԿ կողմից առաջադրած Դավիթ Հարությունյանն է: Վայք քաղաքում գործող քաղաքապետ Հարություն Սարգսյանն ունի երկու մրցակից՝ ԲՀԿ-ական Բաբա Բաբայանը և անկուսակցական Թարո Ավետյանը:






































