Հաշված օրեր են մնացել Վերադարձի դասական երաժշտության 6-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի հովանավորն է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:
Փառատոնն այս անգամ հայ հանդիսատեսին կներկայանա 8 համերգից բաղկացած համերգաշարով և աշխատանքը կավարտի հոկտեմբերի 31-ին:
Բացման հանդիսավոր օրը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու Յ.Հայդն, Ն.Շերիֆ, Ա.Դվորժակ: Համերգին հանդես կգա թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Մուրադյանը (Պորտուգալիա), «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» (Իսրայել) նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ավներ Բիրոն): Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են փառատոնի լրատվական ծառայությունից:
Լևոն Մուրադյանը բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, որոնց թվում են Պ. Կազալսի անվան միջազգային մրցույթը (դափնեկիր, արծաթե մեդալ, 1985, Բուդապեշտ), Պ.Չայկովսկու անվան միջազգային մրցույթը (դափնեկիր, արծաթե մեդալ, 1986, Մոսկվա): Ելույթ է ունեցել աշխարհահռչակ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Վալերի Գերգիևը, Վերոնիկա Դուդարովան, Գենադի Ռոժդեստվենսկին, Ջանսուղ Կախիձեն, Դավիթ Խանջյանը, Վահագն Պապյանը և այլք:
1996-ից ղեկավարում է թավջութակի դասարանը Էվորայի պետական համալսարանի արվեստի բաժնում (Պորտուգալիա): Պարբերաբար տալիս է վարպետության դասընթացներ Valle De Arlanza” and “Noeva Generacion Musical փառատոների շրջանակում (Իսպանիա), Ջորջիայի համալսարանում (ԱՄՆ): Լևոն Մուրադյանը նվագում է Գոֆրիլերի աշխատանքը հանդիսացող 18-րդ դարի թավջութակով:
Ավներ Բիրոնը «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» նվագախմբի հիմնադիրն ու անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է: Նրա աշխատանքի շնորհիվ իր հիմնադրած նվագախումբը հասել է բարձր կատարողական մակարդակի, ճանաչվել ողջ աշխարհով մեկ: Ավներ Բիրոնը հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի հետ:









































