Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 50 մուսուլման ակտիվիստի, որոնք չարտոնված բողոքի ակցիաներ են անցկացրել համացանցում հայտնված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի և ֆրանսիական Charlie Hebdo հրատարակությունում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Ձերբակալվածների մեծ մասը կանայք են: Նրանց հագին եղել են նիքաբներ, որոնք երկրի հասարակական վայրերում արգելված է կրել: Ինքնությունների բացահայտումից հետո բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել:
Մի քանի օր առաջ Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում սկսել էին անվտանգության խստագույն միջոցառումներ իրականացվել` կապված մուսուլման ակտիվիստների հնարավոր ակցիաների հետ: Սեպտեմբերի 20-ից գործում է իշխանությունների պաշտոնական արգելքը, համաձայն որի` ցանկացած նմանօրինակ ակցիա ցրվելու է ոստիկանության կողմից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Charlie Hebdo երգիծական ամսագրում տպագրվել էին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: Ի դեպ, խմբագրակազմը առանձնահատուկ նշել է, որ այդ հրապարակման նպատակը մուսուլմանների զգացմունքները վիրավորելը չէ, այլ արմատականությունը ծաղրելը:








































