«Երեկ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ ընդունելություն էր կազմակերպվել, հավաքվել էր իշխանական և, իբր, ոչ իշխանական գրեթե ամբողջ «էլիտան»: Դե, ամեն ինչ այնպես էր, ինչպես ամեն տարի` Սերժ Սարգսյանի ելույթ, «դեսերտ» սեղաններ, փայլուն ապագայի մասին ճոռոմ-ճոռոմ խոսքեր… Այս միօրինակությունը վաղուց արդեն ձանձրալի է: Նույնքան ձանձրալի է այն անթաքույց ցինիզմը, որով ներծծված է այս միջոցառումը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Երբ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայսը, իջնում է իր «պադավատից», պարզ է, այդ մեքենայի դիմապակուն չպետք է փակցված լինեին ԱՊՊԱ և տեխզննության կտրոնները: Դրանք, շմայսների կարծիքով, միայն հարիֆների համար են: Իսկ իրենք հարիֆ չեն, որովհետև իրենք Սերժի քիփերն են: Որովհետև իրենց ամեն տարի հրավիրում են համալիր` Սերժի ելույթը լսելու: Դրա համար էլ իրենք չպետք է ինչ-որ կտրոններ կպցնեն իրենց մեքենաներին, իրենք չպետք է հարկեր վճարեն, եթե իրենք մարդ էլ սպանեն, չպետք է դատվեն, որովհետև իրենք Սերժի քիփերն են: Իրենք կարող են ուրիշի սեփականությունը խլել, կարող են իրենց բանդերլոգ թիկնապահներին ուղարկել միտինգներ ցրելու, որովհետև իրենք Սերժի քիփերն են: Իսկ գիտե՞ք, թե քանի այդպիսի «քիփ» էր գնացել համալիր: Մեր թղթակիցը երեկ համալիրի մոտ, առանց տեղից շարժվելու, մի քանի րոպեի ընթացքում մոտ մեկ տասնյակ այդպիսի քիփերի մեքենաներ է նկարել, որոնց դիմապակուն կտրոններ չեն եղել: Այսքանից հետո հասկանալի չէ՞, թե ինչու է արդեն 21 տարի անկախ ապրող երկիրը մեր աչքի առաջ դատարկվում ու կործանվում: Ի՞նչ տարբերություն, թե ով է քամում երկրի հյութերը ու կեղեքում մի ամբողջ ժողովրդի, օտա՞ր, թե սեփական ավազակը: Այնպես որ, անկախությունը դեռ պետք է նվաճել»:








































