«168 ժամ»-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախօրեին Եղեգնաձորում ներկայացնելով ԲՀԿ-ի թեկնածուին, իր խոսքում անդրադարձել է նաև Վայոց Ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի վերջին հայտարարություններին: «Այսօր որոշ մարզպետներ, գյուղապետեր, որոնք լիարժեքորեն չեն համապատասխանում իրենց պաշտոնին, որը ժողովուրդն էլ դա լավ գիտի, իրենք էլ դա լավ գիտեն, այդ դասին դասվում է նաև ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչև հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել: Այս չորս ամիսների ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է, որին ասում են` «ծիրանի ցոգոլ»: Թե ե՞րբ պիտի հասնի` ես չգիտեմ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Թերթը հիշեցնում է, որ Էդգար Ղազարյանը Վայոց Ձորի Եղեգնաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանի նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ հայտարարել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին` ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ, փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետևից կգան, դեմը կկանգնեն` կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»:









































