Ֆրանսիան հայտարարել է, որ կպաշտպանի Մալիի հյուսիսում ռազմական ինտերվենցիան:
Նման որոշում է ընդունվել, չնայած Աֆրիկայի իսլամիստների սպառնալիքներին, որ կսպանեն երկու տարի առաջ պատանդ վերցված 2 ֆրանսիացիներին: Նրանք նաև Ֆրանսիային զգուշացնում էին, որ հակամարտությանը միջամտությունը նրան կարող է ներքաշել «Ալ-Քաիդան Մաղրիբի երկրներում» կազմակերպության հետ պատերազմի մեջ:
«Ֆրանսիան պատրաստվում է աջակցել աֆրիկյան երկրների գործողությանը, որը կիրականացվի ՄԱԿ-ի մանդատի համաձայն»,- հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, որի խոսքերը մեջբերում է Euronews-ը:
Նախարարը նշել է, որ հյուսիսարևմտյան Աֆրիկայում ահաբեկիչների գործողությունները այս պահին հանգեցրել են այն բանին, որ տարածաշրջանում իրավիճակը «դարձել է անընդունելի»: «Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել»,- ասել է նախարարը:
Մալիի հարևան երկրներն ուսումնասիրում են ռազմական գործողություններ իրականացնելու տարբերակը՝ օգնելու Մալիի բանակին վերականգնել վերահսկողությունը երկրի հյուսիսում: Ֆրանսիայի կողմից աջակցությունը զգալիորեն կնպաստի գործողության հաջողությանը:
2012թ. մարտի վերջին Մալիի հյուսիսը անցավ ապստամբներին, իսկ երկրի մայրաքաղաք Բամակոյում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Դրանից հետո Մալին գործնականում բաժանվել է երկու մասի: Երկրի հյուսիսը գրավել են իսլամիստները, որոնք այնտեղ պատրաստվում են անկախ պետություն հիմնել:








































