Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Տորոնտոյում մասնակցել է «Փոփոխվող աշխարհում Թուրքիայի փոփոխումը» խորագրով կոնֆերանսին, որն անցկացվել է Ատլանտյան խորհրդում: Իր ելույթում Դավութօղլուն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Մի հիանալի օր Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կլինեն իդեալական, իսկ թուրքերն ու հայերը կլինեն լավ ընկերներ: Մենք արձանագրություններ ենք ստորագրել Հայաստանի հետ և հայտարարել ենք, որ պատրաստ ենք քննարկել պատմական բոլոր իրադարձությունները»:
Ի դեպ, Տորոնտոյում Դավութօղլուն 30 տարի առաջ ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) կողմից սպանված թուրք գնդապետ, ռազմական կցորդ Աթիլա Ալթըքաթի հուշարձանի բացման ժամանակ էլ հայտարարել էր, թե թուրք ժողովուրդը երբեք չի մոռանա «հայ ահաբեկիչների» կողմից սպանված իր դիվանագետների մասին:







































