Մեծ Բրիտանիայի պահպանողական կառավարության առավել ազդեցիկ անդամներից մեկը՝ Սատոն-Քոլդֆիլդի շրջանից տորի խորհրդարանական Էնդրու Միտչելը, ստիպված է եղել ներողություն խնդրել Դաունինգ-սթրիթում վարչապետի նստավայրի դարպասները իր առջև չբացած ոստիկաններին հայհոյելու համար:
«Ես խոստովանում եմ, որ ոստիկանների հետ չեմ վարվել այնպես, ինչին արժանի էին»,- ասել է խորհրդարանական գլխավոր կազմակերպիչը, որը նախկինում եղել է ստվերային խորհրդի կազմում և զբաղեցրել է միջազգային զարգացման հարցերով պետնախարարի պաշտոնը:
Նախարարների կաբինետի ղեկավարը հավանություն է տվել նման արարքի համար ներողություն խնդրելու Միտչելի որոշումը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան:
«Դուք ավելի լավ է Ձեր… տեղն իմանաք, դուք այս …կառավարության անդամ չեք, դո´ւք… պլեբեյներ»,- ասել նա: Աղբյուրը թաքցրել է 3 բառեր, որոնք տհաճ են հնչում: Խորհրդարանականը հերքում է՝ ասելով, որ իրեն վերագրված խոսքերը ինքը չի արտաբերել:
Ոստիկաններից մեկը սպառնացել է ձերբակալել Միտչելին՝ հասարակական կարգը խախտելու և հայհոյանք հնչեցնելու համար: Միջադեպի մասին վարչապետ Դևիդ Քեմերոնին անմիջապես տեղեկացրել են, որն այդ պահին իր նստավայրում էր: Հաղորդվում է, որ կառավարության ղեկավարը նրան խիստ նկատողություն է արել:







































