Գործադիր իշխանության աշխատանքի թափանցիկության միջազգային վարկանիշային աղյուսակում Մոլդովայի և Վրաստանի կառավարությունները ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների շարքում հայտնվել են առաջին հորիզոնականում: Ընդ որում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են հետին հորիզոնականում:
Այս մասին հաղորդվում է Կիևի Transparency International հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության կողմից հրապարակված հաշվետվության մեջ. հաշվետվությունը վերաբերել է հետխորհրդային երկրներին:
«Փաստացի 6 երկիր է ձևավորվել մեկ ընտանիքից, սակայն արդեն հիմա կարելի է դրանք բաժանել երկու խմբի՝ կոռուպցիայի դեմ պայքարի «չեմպիոն» երկրներ, որոնք են Վրաստանն ու Մոլդովան, ու ետ մնացող երկրներ»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է Ուկրաինայի Transparency International-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Խմարան:
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի իրականացման գլխավոր խնդիրներից մեկը հասարակ քաղաքացիների պասիվությունն է, որոնք ոչ միշտ են իրենց տեսնում իշխանության «հսկչի» դերում ու չեն հասկանում՝ իրենց ինչին է դա պետք:









































