«Հրապարակ»-ը գրել էր, որ գործարար Փայլակ Հայրապետյանը մեկնել է Աֆրիկա` պարզելու, թե որտեղ են տեղակայված Աշոտ Սուքիասյանի ալմաստի հանքեր, գոյություն ունե՞ն դրանք ընդհանրապես, և ի՞նչ աշխատանք է ընթանում այդ հանքերում: Հիշեցնենք, որ Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանը մի խումբ գործարարների, այդ թվում և Հայրապետյաններին, վստահեցրել էր, որ ինքը կարող է բավական մատչելի գներով Աֆրիկայից ադամանդի հումք ներկրել: Գործը սկսելու համար, սակայն, պահանջվել էր 12 միլիոն դոլարի վարկ, և Փայլակ Հայրապետյանը գրավադրել էր իր անշարժ գույքը` 33 միլիոն դոլար արժողությամբ, որպեսզի բանկն Աշոտ Սուքիասյանին, համատեղ գործ սկսելու համար, տրամադրեր համապատասխան գումարը: Արդյունքում` վարկը տրամադրելուց հետո, ինչ-որ խնդիրների պատճառով, բանկը` վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով, Հայրապետյաններից վերցրեց «Հայաստան» հանրախանութի գրավադրված շենքը, առաջիկայում կվերցնի նաև այլ ունեցվածք:
Աֆրիկայից վերադարձած Հայրապետյանը երեկ թերթին պատմեց, որ հանքերն իրականում կան, բայց այդտեղ որևէ աշխատանք, ներդրում կամ աշխատանքն սկսելու համար որևէ տեխնիկա չի տեսել, բացի իր ուղարկած մեկ մեքենայից: Ավելին, նա պարզել է, որ Աշոտ Սուքիասյանը դեռևս չի հանդիսանում A.B.S.CLOBAL LTD ընկերության բաժնետեր, որին և բանկը փոխանցել է ամբողջ գումարը: «Աշոտ Սուքիասյանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, թե այդ հանքը շահագործող ընկերության բաժնետեր է, բայց մենք պարզել ենք, որ ինքը մինչ այսօր բաժնետոմսեր չունի և այս օրերին մեկնել է Աֆրիկա` գրանցվելու որպես բաժնետեր: Նա այս պահին այնտեղ է»,- ասաց Հայրապետյանը` հավելելով. «Այստեղ բանկի մեղավորությունն է և վարչապետի: Բանկի` որ առանց ստուգելու, հսկայական փողեր է տվել ինչ-որ ընկերության, և վարչապետի` որ ստիպել է բանկին տալ այդ փողերը: Մենք սկզբում գնացինք «Սվիս» բանկ, բայց մեզ մերժեցին, իսկ մի 20 օր հետո «Ամերիաբանկը» տվեց այդ փողերը: Թե հիմա իրենց կարգադրել էին, թե ինչ` չգիտեմ, բայց գումարը հատկացրել են, ու վարչապետն այստեղ մեծ դերակատարություն ունի»:
Հայրապետյանն իր հետ կատարվածի շրջանակներում անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի վերջին հայտնի խորհրդակցությանը: «Նախագահն ասում է, որ գլխից պետք է բռնել: Այս գործի համար կոնկրետ վարչապետն է մեղավոր: Եթե ասում է, որ պետք է գլխից բռնել, ուրեմն թող բռնի վարչապետի գլխից: Թող բոլորիս էլ կանչի-նստեցնի, քննություն սկսի, պարզենք-տեսնենք, թե այդ փողերն ուր են գնացել: Թող պարզի ու կտեսնի, որ վարչապետն է այս ամենի հետևում, իր միջոցներով է կատարվել այս ամենը: Մինչև ե՞րբ կարելի է լռել»,- նկատեց գործարարը:
Փայլակ Հայրապետյանը Սերժ Սարգսյանին առաջարկում է ազատել սովետական ժամանակներից եկող բոլոր չինովնիկներին, այդ թվում նաև կառավարության բոլոր անդամներին, և նրանց փոխարինել նոր կադրերով, ովքեր հիմա դրսում են աշխատանք գտնում: «Թող այդ կադրերին բերի և կտեսնի ոնց են աշխատում, կտեսնի ոնց կփոխվի այս երկիրը: Առանց հիմքի` հողի վրա, 10 հարկանի շենք չես կառուցի: Թե չէ ինչքան մականունավոր կա` բերել-լցրել է էս երկրում, հերիք եղավ, մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր: Ասում եմ ձեզ կոնկրետ գործ, կոնկրետ օրինակ, դե թող բռնի գլխից: Որ վարչապետին հանի, այնտեղ մի 30 հոգի էլ կան, դրանց էլ որ հանի, էս երկիրը կդզվի, իրեն էլ Աստծո պես կպաշտեն և ընտրություններին 100 տոկոսով իրեն ձայն կտան, և ոչ էլ կաշառք կբաժանվի: Ես չեմ վախենում դա ասել»,- Սերժ Սարգսյանին ուղղված կոնկրետ առաջարկ հնչեցրեց գործարարը:
Հ.Գ. – Աշոտ Սուքիասյանից և նրա պաշտպանից A.B.S.CLOBAL LTD ընկերության բաժնետեր չլինելու մասին երեկ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: Նրանց և բանկի տեսակետը «Հրապարակ»-ը կներկայացնի հաջորդիվ:











































