Պատահական սեռական հարաբերությունները, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, հաճախ՝ հանգստի ժամանակ: Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից և ավարտվում պատահական սեռական հարաբերությամբ, ինչն էլ հղի է մի շարք բացասական հետևանքներով, մասնավորապես` սեռավարակներով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ պատահական սեռական կապերի հիմքում ընկած է սեռական առողջության հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը: Նրա մասնագիտական փորձը վկայում է, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին` պատահական սեռական հարաբերության հետևանքով:
Ըստ նրա՝ հանգստավայրերում, օրինակ, ձևավորվում են, այսպես կոչված, ռիսկային խմբեր, որոնք բաղկացած են սեռավարակակիր մարմնավաճառներից (թե՛ կին, թե՛ տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ և մտնում պատահական սեռական հարաբերութան մեջ:
«Պատահական սեռական հարաբերության բարեհաջող կանխարգելումը պայմանավորված է առաջին հերթին մարդկանց սեռական ճիշտ վարքագծով, և սեռավարակներով չվարակվելու առաջին նախապայմանը պատահական սեռական հարաբերություններից հրաժարվելն է»,- նշում է Վրեժ Շահրամանյանը:
Այնուամենայնիվ, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն, վերջինս խորհուրդ է տալիս որքան հնարավոր է` շուտ օճառով լվանալ սեռական օրգանները և գնալ զուգարան` միզելու, սեռական օրգանները մշակել հակասեպտիկ նյութով, անցնել բժշկական սեքսոլոգիական հետազոտություն:
Մասնագետը համոզված է, որ ամենակարևորը պաշտպանված և կանոնավոր սեռական կենսակերպ վարելն է, զուգընկերների թիվը սահմանափակելն ու պատահական կապերից խուսափելը:
Վ. Շահրամանյանը հորդորում է սեռավարակների ախտանշանների պարագայում ոչ մի պարագայում չզբաղվել ինքնաբուժությամբ և անհապաղ դիմել բժշկի:








































