Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, ով նախօրեին տարածել էր դատապարտյալներին նվաստացումների ենթարկելու մասին տեսագրությունը, հայտարարել է, որ բանտում կտտանքների ենթարկել և բռնաբարել են հիմնականում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գաղափարական հակառակորդներին, այդ թվում՝ օրենքով գողերին: Այս մասին հաղորդում է newsru.com-ը:
Վրացական իշխանություններն իրենց հերթին ակնարկում են, որ սկանդալի պատվիրատուն կարող է լինել ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: Դատախազությունը տարածել է Բեդուկաձեի գործընկերոջ ցուցմունքները, ով իբր հայտարարել է, թե կտտանքները նկարահանվել են գումարի դիմաց:
Բելգիա փախած Վլադիմիր Բեդուկաձեն պնդում է, որ վրացական ԶԼՄ-ների կողմից հեռարձակված տեսանյութը նկարահանվածների միայն մի մասն է: Բեդուկաձեն նաև հայտարարել է, որ բանտարկյալներին տանջանքների ենթարկել են Վրաստանի ՆԳՆ ղեկավար Բաչո Ախալաայի հրամանով, և որ դրանց մասին տեղյակ է եղել պատիժների կատարման նախարար Խաթունա Կալմխալիձեն:
«Ամենաարժեքավորը գտնվում է Ախալաայի պահարանում: Մասնավորապես, այդ կադրերում տեսագրված են դատապարտյալների սպանություններն ու բռնաբարությունները, ինչպես նաև հոգեկան հիվանդ բանտարկյալների նկատմամբ ծաղրը»,- ասել է նա ընդդիմադիր «Օբյեկտիվ» հեռուստաալիքին՝ Skype-ով:









































