Ամերիկյան Սենատը սկանդալային բանաձև է ընդունել, որով կոչ է անում ազատ արձակել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և արգելել նրա ազատազրկմանը մասնակցություն ունեցած անձանց վիզա տրամադրելը:
Սենատոր Ջեյմս Ինհոֆի բանաձևի նախագիծը, որի համահեղինակն է սենատոր Դիկ Դուրբինը, Սենատի կողմից ընդունվել է միաձայն: Այս մասին գրում է Интерфакс-Украина-ն:
Բանաձև տեքստում ասվում է. «ԱՄՆ Սենատը դատապարտում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի գործողությունները՝ ուղղված նախկին վարչապետ Տիմոշենկոյի՝ քաղաքականապես մոտիվացված բանտարկությանը»:
Համաձայն բանաձևի՝ ԱՄՆ Սենատը կոչ է անում Յանուկովիչի վարչակազմին շտապ ազատ արձակել նրան և այլ քաղբանտարկյալների, ինչպես նաև խնդրում է ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ին համատեղ և բազմակողմանի դիվանագիտական ճնշում գործադրել Յանուկովիչի վրա, որպեսզի ազատ արձակի Տիմոշենկոյին:
Հիշեցնենք. ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն 2011-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2009-ին ՌԴ-ի հետ գազային համաձայնագրերի կնքման ժամանակ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:







































