Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ֆրանսիական աշխատանքային այցի շրջանակներում երեկ Փարիզում հանդիպել է ֆրանսիացի գործարարների հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացի գործարարների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Ալիևը հայտարարել է, թե կողմ է, որ ֆրանսիական ընկերությունները մասնակցեն «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի նախագծին, որն ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնելու է Եվրոպա.
«Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությունն արդեն իսկ դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից, և ներկայումս Ադրբեջանն իր գործընկերների հետ աշխատում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Ադրբեջանն ունի վիթխարի նավթագազային պաշարներ և խողովակաշարերի դիվերսիֆիկացված ենթակառույցներ:
Ներկայումս ընթանում են նոր խողովակաշարերի իրագործման աշխատանքները, որոնք Ադրբեջանին հնարավորություն կտան իր գազային պաշարներն արտահանել տարբեր ուղղություններով: Էներգամատակարարման երթուղիների դիվերսիֆիկացումը մեզ համար ունի մեծ նշանակություն: Այդ հարցում Ադրբեջանի շահերը համընկնում են եվրոպական գործընկերների շահերի հետ, և այսօր մեր երկիրը Եվրոպայի հուսալի գործընկերն է»:








































