Ռուսաստանի կողմից հայկական «Իշխան»-ի ներկրման վրա արգելանքը, որը կգործի սեպտեմբերի 27-ից, շատ մեծ ազդեցություն կունենա Հայաստանում ձկնաբուծության զարգացման վրա: Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ռուսները խոշոր պատվերներ էին ներկայացրել հայկական ձկնարտադրողներին, վերջիններս էլ իրենց ունեցվածքը գրավ դրեցին՝ վարկեր ստանալու և արտադրության ծավալներն ավելացնելու համար, և հիմա ՌԴ-ն ձկնամթերքի արտահանման արհեստական խոչընդոտ է ստեղծում:
«Տնտեսությունների մոտ 30%-ը քայքայման, սնանկացման եզրին կհայտնվի, մարդիկ ստիպված կլինեն մի քանի ամիս շարունակ ինքնարժեքով ձկնամթերք իրացնել: Խնդիրներ կառաջանան նրանց գրավադրման դիմաց ստացած վարկերի տոկոսները մարելու, կերի, ջրի, բնավճարի, աշխատավարձերի գումարների վճարման հետ կապված: Այսինքն` արտադրողների 30%-ը և ավելին տնտեսական ցնցումների մեջ կհայտնվի: Շատ ծանր ու անկանխատեսելի երևույթ է»,- ասաց Ա. Աթոյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանից ահազանգ ստանալուց հետո փորձել են հայկական ձկնամթերքի մեջ պատճառները գտնել, բայց չեն գտել: Ընդ որում, ռուսները ոչ մի պաշտոնական պատճառաբանում, անալիզների տվյալներ չեն ներկայացրել, այլ միայն «անհեթեթ» պատճառաբանություններով հրաժարվել են հայկական բոլոր 4 հիմնական արտահանող ընկերությունների ձկնամթերքից:
«Սա միայն քմահաճություն է, որոշ հզոր, ոչ հայկական կազմակերպությունների պատվեր: Հիմա այս միջոցով փորձում են մեզ ռուսական շուկայից դուրս մղել, մեր դիրքերը թուլացնել այնտեղ: Ռուսական շուկայում մեր հիմնական մրցակիցներն են Թուրքիան, որոշ չափով նաև` Նորվեգիան: Ռուսների ներկայացրած առարկությունները, պատճառաբանությունները անհիմն են»,- հայտարարեց Ա. Աթոյանը:







































