Հայաստանում հաստատված սիրիահայերի չնչին տոկոսն է աշխատանքով ապահովվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց Հալեպ քաղաքի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարիչ մարմնի անդամ Վազգեն Մեսրոպյանը:
Նա տեղեկացրեց, որ ինքն ընտանիքով տեղափոխվել է Հայաստան և արդեն աշխատանք գտել սննդի ոլորտում, սակայն ոչ բոլորն են համաձայնում Հայաստանում ցածր աշխատավարձերով աշխատել: «Ես գիտեմ սիրիահայերի, որ մինչև 100 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ճիշտ է, Հալեպում ավելին էին ստանում, բայց այստեղ, իմ կարծիքով, դա վատ փող չէ և բավարար է յոլա գնալու համար»,- ասաց նա:
Հայաստանում, ըստ բանախոսի, այսօր ապրում է 5000-6000 սիրիահայ, սակայն դեռևս հայտնի չէ, թե նրանցից քանիսը կհաստատվեն Հայաստանում:
Խնդիր է նաև սիրիահայերին կացարանով ապահովելու հարցը: Պետության առաջարկած կացարաններում սիրիահայերը չեն ցանկանում բնակվել, քանի որ դրանցում բացակայում են կենցաղային տարրական պայմանները: Այդ է պատճառը, որ սիրիահայերի մեծ մասը գերադասում են վարձով բնակվել:
«Իմ տեղեկություններով` հատկացվել են հանրակացարաներ, բայց արդյոք մեր Հալեպի հայերը կապրե՞ն այնտեղ: Այդ է հարցը: Ես հալեպցի եմ, և սա ձեզ ես եմ ասում»,- նշեց Վազգեն Մեսրոպյանը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ կառավարությունը սիրիահայերի խնդիրները փորձում է լուծել: Արդեն լուծվել են սահմանի վրա սիրիահայերին վիզա տրամադրելու հարցերը: Բացի այդ, սիրիահայերը ցանկության դեպքում հայկական անձնագրեր են ստանում հենց Սիրիայում:
Վազգեն Մեսրոպյանը նշեց, որ այս օրերին Հալեպի հայկական թաղամասերում մարտերը թեժանում են: «Սիրիայի երեք ավանդական կուսակցություններն իրար կողքի պայքարում են այսօրվա դժվարությունների դեմ: Պատերազմ է, իհարկե` պիտի զոհվեն հայեր էլ, հայերի տներ էլ կքանդվեն, բայց պիտի դիմակայենք, մինչև Սիրիան հաղթահարի այս արտաքին ճակատը, որը բացվել է Սիրիայի կառավարության դեմ»,- ընդգծեց նա:
Լուսանկարը՝ azatutyun.am-ի








































