Մյանմարի ժողովրդավարական ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին իր առաջին այցով գտնվում է ԱՄՆ-ում: Շատերն արդեն նրա այցը համարում են պատմական:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը Նոբելյան մրցանակի դափնեկիր ընդդիմադիրն ասել է, որ աջակցում է իր երկրի կառավարության նկատմամբ պատժամիջոցների հետագա թուլացմանը:
Նրա խոսքերով՝ Մյանմարի բնակիչներն ի վիճակի են իրենց ճակատագրի համար հետագա պատասխանատվություն ստանձնել:
Եվրամիությունը, Ավստրալիան և մի շարք երկրներ արդեն մասնակիորեն թուլացրել են պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ այն բանից հետո, երբ այնտեղ անցկացվեցին մի շարք քաղաքական և սոցիալական բարեփոխումներ:
Չորեքշաբթի տեղի է ունեցել Աուն Սան Սու Չժիին ԱՄՆ բարձրագույն պարգևի՝ Կոնգրեսի Ոսկե մեդալի շնորհման արարողությունը:
Վերջին 20 տարիներին Սու Չժին գործնականում ամբողջ ժամանակ գտնվել է տնային կալանքի տակ: Միայն այս տարի է նա կարողացել դուրս գալ երկրից:









































