ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանի պաշտոնանկությունը մինչ օրս պաշտոնապես չի մեկնաբանվել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փհխանցմամբ` նա աշխատանքից ազատվել է հարկային «աճպարարությունների» պատճառով, հովանավորել է իրացման ցանցերում ՀԴՄ կեղծ կտրոնների շրջանառությունը:
Բացատրենք, թե ինչպես, բոլորիս է հայտնի, որ հանրապետության բոլոր խոշոր սուպերմարկետներում քաղաքացիներին պարտադիր տրամադրում են ՀԴՄ կտրոններ, ու պարզվում է`ինչ-որ մեխանիզմի գործադրմամբ այդ կտրոններով հարկային տեսչությունն անկարող է եղել հարկեր գանձել: Այսինքն` քանի «պետության գլուխը խառն է» եղել, Բեյբությանը սուպերմարկետների հետ «մասնաբաժնով» աշխատել է:
«Ժողովուրդ»-ը փորձեց այս մասին պարզաբանում ստանալ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալից, որը, կրկին խուսափելով պատասխանից, ասաց. «Ավելի հետաքրքիր թեմա չունե՞ք: Տպավորություն է, թե դա ձեզ ավելի է հետաքրքրում, քան ինձ: Ես արդեն ասել եմ` այս հարցով ոչ մի պարզաբանում չեմ տալու»:












































