Բանդիտիզմի, ավազակության, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է դատավորի գրասենյակից: Սեպտեմբերի 19-ին կողմերը կծանուցվեն նիստի օրվա մասին:
Գործով մեղադրվում են 6 անձինք: Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Նախաքննության տվյալներով մասնավորապես`Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել են Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:
Բացի այդ՝ կատարված խուզարկությունների արդյունքում Ա. Հակոբյանի և Դ. Գալստյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի, իսկ Ս. Դավթյանի և Ա. Դալլաքյանի մոտ՝ ափիոն տեսակի թմրամիջոց:
Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:
Հանցագործությանը մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:







































