Իրաքի՝ մահապատժի դատապարտված փոխնախագահ Տարիկ Ալ-Հաշիմիի գործը կարող է վերանայվել: Այս մասին հաղորդում է իրաքյան մամուլը՝ վկայակոչելով նախկին վարչապետ Այյադ Ալաուիի «Ալ-Իրակիա» լիբերալ-հայրենասիրական բլոկի աղբյուրին:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ըստ այդ տվյալների՝ առաջիկա օրերին այսպես կոչված «Դաշնային դատարանում» պետք է կրկնակի հետաքննություն բացվի ազդեցիկ սուննի քաղաքական գործչի դեմ: Նոր հետաքննությունը կսկսվի՝ ի պատասխան բլոկի կողմից ներկայացված բողոքի: Նշենք, որ փոխնախագահը «Ալ-Իրակիա»-ի մեջ մտնող Իրաքի իսլամական կուսակցության առաջնորդն է:
Հիշեցնենք. սեպտեմբերի 9-ին Իրաքի քրեական դատարանը հեռակա կարգով Թուրքիայում գտնվող Ալ-Հաշիմիին դատապարտեց մահապատժի՝ «ահաբեկչական գործողություններ» ծավալելու համար: Մինչ այդ Հաշիմին բազմիցս հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ առաջ քաշված մեղադրանքները՝ նշելով, որ իր գործն ունի «կոնֆեսիոնալ ենթատեքստ», իսկ վարչապետ Նուրի Ալ-Մալիքին «երկրում հետապնդում է սուննիներին»:







































