Հայաստանում իշխանափոխություն պահանջ ներկայացրած ու իրեն ընդդիմություն հռչակած ուժի՝ ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը դառնում է ԼՂՀ փոխվարչապետ: Թե ինչի դիմաց է ընդդիմության ներկայացուցչին տրվում այդ պաշտոնը, դաշնակցությունը լռում է: Հայտնի է, որ Ղարաբաղի տնտեսությունը զարգացնելու մղում պաշտպանության նախկին փոխնախարարը միշտ է ունեցել. նա որոշ բիզնեսներ ունի Ղարաբաղում: Նրան է պատկանում նաև Ղարաբաղի ջրաշխարհը:
«Վարչապետի կողմից ստանձնելու եմ որոշ գործառույթների պատասխանատվություն, միասին քննարկելուց հետո որոշ բնագավառներում կիրականացնեմ ծրագրեր, որոնք ես հաճույքով կարող եմ կյանքի կոչել այդ պաշտոնում»,- iLur.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Աղաբեկյանը՝ նշելով, որ հրամանը ուժի մեջ կմտնի մոտ օրերս, իսկ, նրա խոսքերով, այդ պաշտոնում իր առաջին քայլը կլինի մասնակցությունը կառավարության ծրագրի կազմման աշխատանքներին:
Ուշագրավ է փաստը, որ դաշնակցականը Արցախի նախագահական ընտրություններում սատարել է ոչ թե ՀՅԴ թեկնածուին՝ «Սահմանադրական Արցախ» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Վիտալի Բալասանյանին, այլ ներկա նախագահ Բակո Սահակյանին: Եվ դաշնակցությունն այս առթիվ որևէ հայտարարություն չի արել:
«Թե՛ Վիտալի Բալասանյանը, թե՛ Բակո Սահակյանը, թե՛ Արցախը պահպանողն ու Արցախում ստեղծագործողը, թե՛ 1988 թվականից Արցախյան շարժմանը մասնակցած ցանկացած ոք իմ մարտական ու գաղափարական ընկերներն են, այդ առումով ես երբեք այդպիսի հարց չեմ դրել իմ առջև, թե ինչ հարաբերություններ ունենամ այս կամ այն մարդու հետ»,- հայտարարել է Աղաբեկյանը: «Իսկ ինչ վերաբերում է վերջին զարգացումներին՝ Բակո Սահակյանի կողքը կանգնելն ու նրա ծրագրերն իրականացնելու իմ որոշումը ես կայացրել եմ դեռևս հինգ տարի առաջ, երբ Բակո Սահակյանը մասնակցում էր նախագահական ընտրություններին»,- անկեղծացել է Աղաբեկյանը՝ հավելելով. «Հետագա հինգ տարիներին մասնակից եմ եղել նրա հայտարարած ծրագրերի իրականացմանը»: Հարց է ծագում` ինչպե՞ս կարող է ՀՀ ԱԺ պատգամավորը մասնակից լինել ԼՂՀ նախագահի հայտարարած ծրագրերի իրականացմանը:
Մնում է Արթուր Աղաբեկյանին հարց տալ, թե Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերը չի՞ եղելու և չի՞ պատրաստվում արդյոք սատարել նաև նրան նախագահական ընտրություններում:
Այս պարագայում անհասկանալի է իշխանափոխության պահանջ ներկայացրած ՀՅԴ լռությունը. կամ ՀՅԴ-ն պետք է հեռացնի Աղաբեկյանին իր ընդդիմադիր կուսակցության շարքերից, կամ պետք է հայտարարի, որ կիսում է նրա կարծիքը և հիմնավորի, եթե դա հնարավոր է: Հակառակ պարագայում լռությունը համաձայնություն է դառնում՝ դրանից բխող հետևանքներով:
«Ժամանակ»
Երիտասարդ Արթուր Աղաբեկյանի լուսանկարը՝ Լևոն Աթայանի








































