Ռուսաստանում և Հայաստանում զուգահեռ անցկացվող զորավարժություններն ավելի կարևոր են Ռուսաստանի համար, քան Վրաստանի. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները Հայաստանի համար կարևոր են երկու պատճառով: Նախ` այն կարող է զգաստացնել Ադրբեջանին: «Սա կարող է հիշեցում լինել Ադրբեջանի այն պաշտոնյաների համար, որոնք պատրաստվում են պատերազմի: Սա ապացուցում է` եթե անգամ Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա կպարտվի»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի` զորավարժությունները կարևոր են նաև այն առումով, որ դրանք ապացուցում են՝ Հայաստանը Ռուսաստանի կարևոր և վստահելի դաշնակիցն է: Սակայն Ռուսաստանը Հայաստանին պետք է վերաբերվի որպես հավասար պետության և գործընկերոջ:
Ինչ վերաբերում է զորավարժությունների նկատմամբ վրացական դիրքորոշմանը, ապա, ինչպես նկատեց Կիրակոսյանը, վրացիների անհանգստությունը տեղին է, քանի որ զորավարժությունները Ռուսաստանի ազգային շահն են հետապնդում:
Բանախոսի համոզմամբ` Հայաստանը պետք է հավասարակշռի հարաբերությունները և Վրաստանի, և Ռուսաստանի հետ: