Ամբողջ աշխարհի միլիարդատերերի կարողությունը մեկ տարում աճել է 14 տոկոսով՝ մինչև 6. 2 տրլն դոլար: Այս մասին իր հաշվետվության մեջ նշում է X-Wealth ընկերությունը, որն զբաղվում է հետազոտություններով, ֆինանսական տեղեկատվության հավաքմամբ ու ակտիվների գնահատմամբ:
Ընկերությունը մոլորակի ամենահարուստ մարդկանց ակտիվների մոնիտորինգ է իրականացրել 2011թ. հուլիսի 31-ից 2012թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Հաշվետվության մեջ նշվում է, որ մեկ տարում միլիարդատերերը կարողացել են ավելացնել իրենց կարողությունը ՝ ակտիվների կառավարման համար վարձելով պրոֆեսիոնալ մենեջերների: 12 ամսում մարդկանց թիվը, որոնց կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը, աճել է 9,4 տոկոսով՝ մինչև 2160 մարդ:
Իր հերթին, ավելի պակաս կարողություն ունեցող գործարարները հիմնականում աղքատացել են: Առավել շատ կորուստ են կրել այն մարդիկ, որոնց ակտիվների արժեքը գնահատվում է 200-999 մլն դոլար: Նրանց դրամական կարողությունը կրճատվել է 11,4 տոկոսով, իսկ թիվը նվազել է 9,9 տոկոսով:
X-Wealth-ն ընդգծել է, որ ներկայում աշխարհում ապրում է ավելի քան 187 հազար մարդ՝ յուրաքանչյուրը 30 մլն դոլարից ավելի կարողությամբ: Առավել շատ կորուստներ են կրել Ասիայի երկրների հարուստ գործարարները, որոնց կարողությունը 1 տարում կրճատվել է 6,8 տոկոսով՝ մինչև 6,25 տրլն դոլար: Աղքատացել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի միլիոնատերերն ու միլիարդատերերը: Իսկ Հյուսիսային Ամերիկայի հարուստ գործարարներն ու ներդրողները, հակառակը, կարողացել են մեծացնել իրենց դրամական կապիտալը 2,8 տոկոսով՝ մինչև 8,8 տրլն դոլար:
X-Wealth-ի տվյալներով՝ 30 մլն դոլար կարողություն ունեցող ավելի շատ մարդիկ են ապրում Հյուսիսային Ամերիկայում՝ ավելի քան 60 հազար մարդ: Երկրորդ տեղում Եվրոպան է (շուրջ 53 հազար մարդ), երրորդ տեղում՝ Ասիան (42,8 հազար մարդ):







































