Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում այսօր արմատական շիական «Հզբոլլահ» խմբավորման կողմնակիցները, ինչպես սպասվում է, բողոքի ցույց կանցկացնեն ընդդեմ ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի, որը մեծ վրդովմունք է հարուցել իսլամական աշխարհում: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ լիբանանցիներին բողոքի ակցիա անցկացնելու կոչով դիմել էր «Հզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլան: Նա մեղադրել էր ԱՄՆ-ին, որ խոսքի ազատության պատրվակով թույլատրում է ֆիլմի հետագա ցուցադրությունը համացանցում:
Լիբանանի ԱԳՆ ղեկավար Ադնան Մանսուրը Reuters-ին հայտնել է, որ կոչ է արել Արաբական երկրների լիգայի ղեկավար Նաբիլ Էլ-Արաբիին՝ անցկացնել արտահերթ խորհրդակցություն այդ կազմակերպության արտգործնախարարների մակարդակով՝ քննարկելու այդ ֆիլմը:









































