ԱՄՆ-ի զինվորականները գլխավորում են Հորմուզի ծոցում ևս 20 երկրների մասնակցությամբ վարժանքները: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
«Ռազմանավերը մասնակցում են պաշտպանական վարժանքներին՝ ապահովելու համար նավիգացիոն անվտանգությունը Մերձավոր Արևելքի միջազգային ջրերում և նպաստելու տարածաշրջանային կայունությանը»,- ասված է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում տեղակայված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանևրումների պաշտոնական նպատակը ծովածոցը ականներից մաքրելու համատեղ գործողությունների մշակումն է:
ԱՄՆ նավատորմի հայտարարությամբ՝ «վարժանքները ուղղված չեն կոնկրետ որևէ երկրի դեմ»: Չնայած դրան, մանևրումները ընկալվում են որպես Թեհրանին ուղղված բացահայտ մարտահրավեր:
Ֆրանսիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Հորդանանի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների մասնակցությամբ վարժանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 27-ը:









































