Մոսկվայի կենտրոնում հավաքվում են ընդդիմադիր ցույցի և երթի մասնակիցները: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, առայժմ ցուցարարների թիվը մեծ չէ: Հավաքվածները ձեռքներին ունեն դրոշներ՝ հիմնականում կոմունիստական և ազգայնական շարժումների, շատերի պայուսակների և հագուստի վրա ամրացված են սպիտակ ժապավեններ, որը դարձել է նրանց ակցիաների խորհրդանիշը:
Երթը կսկսվի Ստրաստնոյ զբոսայգուց և կավարտվի Տուրգենևի հրապարակում, իսկ Ժամը 16:00-ին կսկսվի ցույցը:
Ակնկալվում է, որ ակցիային կմասնակցի շուրջ 25 հազար մարդ, ինչը համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ:
Ակցիան ստացել է «Միլիոնների երթ» անվանումը: Այն կլինի նախորդ տարվա դեկտեմբերից սկսված «հանուն արդար ընտրությունների» ակցիաների շարունակությունը:
Ձախ ճակատի համակարգող Սերգեյ Ուդալցովը հայտնել է, որ այսօրվա «Միլիոնների երթը» նախատեսում է առաջ քաշել ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական պահանջներ: Նա ընդգծել է, որ դրա հետ համաձայն է նաև միջոցառման «կազմկոմիտեի լիբերալ հատվածը»:
Հավաքի վայրում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել: Մոսկվայի ոստիկանությունից հայտնել են, որ օրենքի սահմաններում կկանխեն ցանկացած տիպի սադրանք երթի և ցույցի ընթացքում: Հասարակական կարգի պահպանմանը մասնակցում է շուրջ 7000 ոստիկան և Ներքին զորքերի զինծառայող: