Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին պաշտոնապես ներողություն է խնդրել ԱՄՆ-ից Սանայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար: Այս մասին հաղորդել է Fox News-ը:
Վաշինգտոնում Եմենի դեսպանատան միջոցով փոխանցված հաղորդագրության մեջ Հադին հրամայել է սկսել պատահարի հետաքննությունը և խոստացել է «պատժել հարձակման բոլոր մեղավորներին ըստ օրենքի»:
Ինչպես նշել է հեռուստաալիքը` վկայակոչելով Եմենի իշխանություններին, ներկա պահին հաջողվել է կանգնեցնել անկարգությունները դեսպանատան տարածքի մոտ:
Հիշեցնենք, որ Եմենի մայրաքաղաք Սանայում ցուցարարները փորձել են գրավել ԱՄՆ դեսպանատունը, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` տասնյակ մարդիկ: Ցուցարարների նման զայրույթի պատճառը ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է (որը ըստ մուսուլմանների՝ վիրավորում է իրենց կրոնը և Մուհամմեդ մարգարեին): Տեղեկատվական գործակալությունների փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները մտել են դեսպանատան տարածք և այրել մի քանի մեքենա: Ոստիկանությունը նախազգուշական կրակոցներ է արձակել օդ՝ փորձելով կանգնեցնել ամբոխին, սակայն նրանց հաջողվել է ներխուժել դեսպանատան տարածք:









































