Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը տանում է Սիրիայի հնությունների ավերմանը և մաքսանենգությանը, գրում է ամերիկյան Time պարբերականը:
«Պատերազմն օգտակար է մեզ համար,- ասում է սիրիացի մի մաքսանենգ:- Մենք էժան գնում ենք հնություններ և թանկ գնով զենք վաճառում: Ապստամբներին զենք է պետք, իսկ հնությունները էժան միջոց են դրանք ստանալու համար»: Այդ հնագույն երկրի թանկարժեք հարստությունների աճող շուկան կարող է հանգեցնել հակամարտության երկարացմանը և հաճախակիացմանը, կարծում են հոդվածի հեղինակներ Արին Բեյքերը և Մայդալ Անժարը: Բացի այդ, հնագիտական վայրերի թալանը Սիրիան զրկում է տնտեսական բումի հույսերից, որի հիմքը հակամարտության ավարտից հետո կարող էր լինել զբոսաշրջությունը:
Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառված բոլոր 6 տեսարժան վայրերին վնաս է հասցվել հրթիռներով, տանկերով, հրազենով, գրում է պարբերականը: Սիրիան հազարամյակների ընթացքում գտնվել է մշակույթների և կրոնների խաչմերուկում: «Սիրիական հողի տակ ավելի շատ բան կարելի է գտնել, քան սովորաբար գտնվում է հնագիտական աշխատանքների տասնամյակի ընթացքում»,- ասում է բրիտանական Դարհեմի համալսարանի գիտնական Էմմա Կանլիֆը:
«Մշակութային ժառանգության ավերման պատասխանատվությունն ընկած է հակամարտության երկու կողմերի վրա՝ բանակի, որը կրակի տակ է պահում հնագույն ամրոցները, և ապստամբների, որոնք թաքնվում են դրանցում»,- գրում են հոդվածի հեղինակները: Ընդ որում՝ և՛ Ասադի վարչակարգը, և՛ ապստամբները ակտիվորեն օգտագործում են սիրիական ժառանգության ավերման փաստը իրենց քարոզչական նպատակների համար: Վարչակարգը Սիրիայի ազատ բանակին մեղադրում է դրանք թալանելու մեջ, իսկ ընդդիմությունը հայտնում է, որ կառավարական բանակը ծանր հրետանի է օգտագործում պատմական հուշարձանների դեմ:








































