Ալաբամայի համալսարանի նախկին պրոֆեսոր Էմի Բիշոպը իրեն մեղավոր է ճանաչել երեք գործընկերների սպանության և ևս երեքին վիրավորելու համար: Ինչպես հաղորդում է WAFF հեռուստաալիքը` համապատասխան դիմումները կնոջ պաշտպանությունը դատարանին է փոխանցել երեքշաբթի:
Հետաքննության կարծիքով` 2010թ-ի փետրվարի 12-ին Բիշոպը հրացանից գործընկերների ուղղությամբ կրակ է բացել համալսարանական նիստի ժամանակ: Արդյունքում նրանցից երեքը սպանվել է, ևս երեքը ծանր վիրավորվել են:
Թե ինչն է եղել հարձակման պատճառը հստակ հայտնի չէ, սակայն ինչպես գտնում են համալսարանում` կինը հակասություններ ուներ համալսարանի ղեկավարության հետ, որը չէր ցանկանում նրա հետ պայմանագիրը երկարաձգել:
Ի սկզբանե նա հրաժարվում էր իր մեղքը ճանաչել, սակայն հեռուստաալիքը ենթադրում է, որ Բիշոպը գործարք է կնքել իշխանությունների հետ, որպեսզի խուսափի մահապատժից: Այդ գործարքի պայմանները հայտնի չեն: Դատախազությունը համաձայնել է նրա համար ցմահ ազատազրկում է պահանջելու:
Ըստ AP-ի տվյալների` Էմի Բիշոպի դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին:









































