Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վրաստանի հետ գործող վիզային ռեժիմը չի կարող դյուրացնել այդ երկրում գործող «Օկուպացված տարածքների մասին» օրենքի պատճառով: Այս մասին հայտարարել է «Իրակլի 2-րդ» միության ղեկավար Արչիլ Չկոիձեն:
Վերջինիս խոսքերով՝ իրենք դեռևս մարտին նամակ էին հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Վրաստանի քաղաքացիների համար առանց նախապայմաններ ներկայացնելու դյուրացնել վիզային ռեժիմը: Սակայն նամակին պատասխանել է ՌԴ ԱԳՆ-ն.
«Մեր քաղաքացիների համար միակողմանիորեն վերացնելով վիզային ռեժիմը՝ վրացական կողմը հրաժարվեց լուծել Վրաստանի տարածքում ռուսների անվտանգության իրավական երաշխիքների հարցը: Վրաստանում գործող «Օկուպացված տարածքների մասին» օրենքը նախատեսում է քրեական հետապնդում Աբխազիա և Հարավային Օսեթիա այցելած ռուսների համար, որոնք վրացական կողմը համարում է իր տարածքները:
Մի շարք ռուսներ այդ «հանցագործության» համար արդեն իսկ ստացել են կոնկրետ պատժաժամկետներ և ներկայումս գտնվում են վրացական բանտերում: Ռուսաստանը պատրաստ է փոխադարձաբար վերացնել Վրաստանի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ վրացական կողմն ապահովի հուսալի իրավական պայմաններ, որոնք կերաշխավորեն Վրաստան այցելող ռուսների անվտանգությունը»:








































