Ինչպես Հայաստանի մի շարք համայնքներում, այնպես էլ Շիրակի մարզի Ձորակապ գյուղում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: «Վրաստանի քաղաքացին ի՞նչ իրավունք ունի գա Ձորակապ` համայնքի գյուղապետ ընտրի: Մարզպետը տեղում չէր, մեզ փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ընդունեց և պատասխանեց, որ իրենք իրավասու չեն, որ դիմեք դատարան` այդ հարցը լուծելու»,- «Հրապարակ»-ին ասում է Ձորակապ գյուղի բնակիչ Վարդան Սաղաթելյանը:
Ինչպես վերջինս է տեղեկացնում` ընտրություններն անցել են շատ նորմալ պայմաններում, ոչ մի խախտում չի եղել, որ գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Զարզանդ Սահակյանը ստացել է 304 ձայն, իսկ գյուղապետի պաշտոնին հավակնող հակառակորդ թեկնածու Արամ Մարտիրոսյանը` 300. «Ընտրության օրը բերեցին ընտրելու մեր գյուղում դեռ անցյալ դարի 70-ականներից բնակվող ախալքալաքցիների տների վրա գրանցված Ախալքալաքի բնակիչ երիտասարդների»: Դրանք 2008թ. ռուս-վրացական կոնֆլիկտի հետևանքով չէին կարողանում Վրաստանից գնալ Ռուսաստան աշխատելու, գրանցվել են Զորակապում բնակվող իրենց հարազատների կամ ծանոթների տների վրա, որ կարողանան, որպես Հայաստանի քաղաքացի, Ռուսաստան գնալ. «Մենք դրանց ոչ տեսել ենք, ոչ գիտենք, թե ովքեր են, ոչ էլ մի ժամ բնակվել են մեր գյուղում: 10-15 մարդ, որոնք, փաստորեն, եկել-մասնակցել են մեր համայնքի ընտրությանը, և իրենց ձայնով է որոշվել, թե ով պիտի լինի մեր գյուղապետը, քանի որ գործող գյուղապետն ընդամենը 4 ձայնի առավելությամբ է վերընտրվել»: Սաղաթելյանի հավաստմամբ` գյուղապետն է դրանց բերել և ընտրել տվել:
«Ձորակապցիներից մի խումբ ուղևորվել է Գյումրի` արդարադատության միջոցով այդ զավեշտալի խնդրին լուծում տալու համար: Ձորակապցիների վրդովմունքը պայմանավորված է նրանով, որ գյուղապետի թեկնածուների ձայների տարբերությունն ընդամենը 4 է, իսկ դրսից բերված կեղծ ընտրողները` 10-15 հոգին, վճռել են համայնքի ճակատագիրը: Հետաքրքիր է, նման ընտրությունը մեր արդարադատությունն ու իշխանավորներն օրինակա՞ն են համարելու»,- գրում է «Հրապարակ»-ը:







































