Իտալական Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ գնահատվել են Իտալիայի առաջնության բոլոր թիմերի աշխատավարձերն ու պարգևատրումները: Իտալիայում տիրող ճգնաժամի պատճառով ակումբներն ստիպված են եղել կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Օրինակ՝ «Միլան»-ն ու «Ինտեր»-ը նախորդ տարի աշխատավարձ տալու համար ծախսել են համապատասխանաբար 60 և 40 միլիոն եվրո:
Այդուհանդերձ, Սիլվիո Բեռլուսկոնիի թիմը մնաց առաջին հորիզոնականում՝ ֆուտբոլիստներին աշխատավարձերի հատկացման առումով: Դրա համար ակումբը ծախսել է շուրջ 120 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Յուվենթուս»-ն է՝ 115 միլիոնով, երրորդը՝ «Ռոմա»-ն՝ 95 միլիոնով: «Ինտեր»-ը, բարձր աշխատավարձ ստացող որոշ ֆուտբոլիստների հրաժեշտ տալով, այդ տարի ծախսեց 90 միլիոն եվրո:
Ա Սերիայի՝ աշխատավարձերի համար ծախսված գումարի ֆոնդը կազմում է 866,3 մլն եվրո, իսկ բոնուսային գումարներն էլ հաշված՝ 1,039 միլիարդ:
Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներն են Բուֆոնը, Դանիելե դե Ռոսին ու Սնեյդերը՝ նրանք մեկ տարում վաստակել են 6 միլիոն:








































