այ ազգային կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ուսումնասիրում է գալիք փետրվարի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունները:
«Տեր-Պետրոսյանը շատ լուրջ պետք է քննարկի բոլոր գործոնները քաղաքական, բոլոր ռեսուրսները` մինչև կարողանա որոշում ընդունել այդ ուղղությամբ», – նշել է Զուրաբյանը` շարունակելով. – «Կարևոր են այլ քաղաքական ուժերի մոտեցումները: Եվ այդ ամենը պետք է ճշտել. ե’ւ ներքաղաքական առումով մեր հարաբերությունները, ե’ւ արտաքին քաղաքական առումով մեր հարաբերությունները: Պետք է հասկանալ, թե ինչ նախադրյալներ կան նման որոշման ընդունման համար»:
Հարցին, թե որքանով առաջին նախագահի որոշման վրա կարող է ազդել այլ քաղաքական ուժերի հնարավոր աջակցությունը նախագահի ընտրություններում, Զուրաբյանը պատասխանել է. – «Դա բնական է: Ցանկացած լուրջ թեկնածու, գնահատելով իր շանսերը որևէ ընտրություններում, նաև կատարում է իր դաշնակիցների ինվենտարիզացիա: Բանակցում է, փորձում է հասկանալ, թե ինչ կոնֆիգուրացիայով կանցնեն ընտրությունները»:
Զուրաբյանը հավելեց, որ պաշտոնական բանակցություններ այդ հարցով առայժմ չեն ընթանում:
Կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչը հավելել, որ եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվի և նրան սատարեն հիմնական քաղաքական ուժերը, ապա դա «հաղթող սցենար» կլինի: Ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ այդ ուժերից «Բարգավաճ Հայաստան»-ը սատարի Տեր-Պետրոսյանին, Զուրաբյանն ասել է, թե այդ հարցը պետք է ուղղել «Բարգավաճ Հայաստան»-ին:
«Այսօր պետք է մտածել, թե ինչպես համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել նրան, որ ընտրություններով ընդհանրապես Հայաստանում իշխանություն փոխվի: Այսօր այդ ճանապարհը փակ է: Հանրապետական կուսակցությունը իրեն հավերժորեն կարգել է իշխող ուժի դիրքում: Ահա սա է, որ պետք է ջարդել: Եվ, կարծում եմ, այդ ուղղությամբ հնարավոր է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք հասկանում են այդ խնդրի կարևորությունը», – նշել է Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը:








































