Դիրիժոր Վարդան Հակոբյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Մեծ առումով` ոչ մի: Երկու դեպքում էլ իշխող կուսակցությունը զբաղված էր երկիրը թալանելով ու դատարկելով: Անցած 20 տարիները ցույց տվեցին, որ կուսակցական կառավարման ֆորմատը Հայաստանի համար արդյունավետ չի: Մեզ մոտ կուսակցությունները իշխանության գալուց հետո շատ արագ վերածվում են թայֆաների, որտեղ հիմնականում հավաքվում են իշխանություն ունենալու և կերակրամանին մոտ գտնվելու մոլուցքով տառապող մարդիկ, որոնց համար բոլոր մեթոդներն ընդունելի են, միայն թե հասնեն իրենց նպատակին: Ու այս մտածելակերպով մարդկանց մի խումբ լուրջ դեմքով առաջարկում է մեզ «Հավատանք որ փոխենք»:
Ո՞ւմ… Ինչպես… Հավատանք ձե՞զ, պարոնա՛յք «ամեն ինչի ընդունակներ»:
Իշխանական կուսակցություններում շատ արագ ձևավորվում է մի շերտ, մարդկային նոր տեսակ, նոր ռասսա, որն առաջանում է իշխանության գալուց հետո, և անմիջապես վերանում է իշխանությունը կորցնելուց: Այդ ընթացքում, ինչպես գրած սցենարով, արվում է ճիշտ նույնը, ինչ նախորդի ժամանակ: Նույն քաղաքական և տնտեսական սպանությունները, նույն «ինքնասպանությունները», ձևավորվում են նույն քրեաօլիգարխիկ հենարանները, որոնց միջոցով հետագայում իրենք պիտի վերարտադրվեն: Առայժմ դեռ ոչ մեկը հասարակ ժողովրդին չընկալեց որպես իր ամենահուսալի հենարանը, որի մեջ կարող էր շրջել առանց վախի ու առանց կուռ շարքերով թիկնապահների: Չուզեց մտերմանալ, բարեկամանալ սեփական ժողովրդի հետ, որի զավակն է ի վերջո ինքը: Բոլորի համար ժողովուրդը մնաց ընդամենը որպես ընտրազանգված, որին կարելի է ստորացնելով գնել ու սեփական կամքը թելադրել:
Նույնիսկ այդ երկու կուսակցությունների կարգախոսներն են միանման. ժամանակին ՀՀՇ-ն առաջարկում էր «Առաջընթաց և կայունություն», իսկ ՀՀԿ-ն՝ «Առաջ Հայաստան»:
Առա՜ջ, առա՜ջ… Դեպի ու՞ր:
Չե՞ք զգացել, պարոնա՛յք կուսակցականներ, որ մեր ճանապարհները տարբեր ուղղություններ ունեն: Դուք՝ դեպի պայծառ ապագա, իսկ երկիրը՝ դեպի անհույս կործանում:
Չէ, կարծում եմ կուսակցական կառավարման մեխանիզմը մեր բանը չի: Ինչ որ նոր բան է պետք մտածել: Ինչպե՞ս կարելի է պրոֆեսիոնալ կառավարման փոխարեն նախընտրել կուսակցականը: Ինչպե՞ս կարելի է երկրի կառավարման համար մասնագետներ ընտրելու փոխարեն կառավարումը վստահել կուսակցական ԱԿՏԻՎԻՆ, որը, նորից եմ կրկնում, իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: Հենց դրա համար էլ կառավարման բոլոր ոլորտներում սիրողական անորոշություն է: Որպես պատասխանատու նշանակված են մարդիկ, ովքեր զարմացած դեմքիդ են նայում՝ ամեն հարցից հետո ակնկալելով, թե երբ պիտի հուսահատվես ու առաջարկես ակնկալված կաշառքը, որպեսզի դուրս գաս իրենց իսկ կողմից ստեղծած որոշակի անորոշությունից: և ամենակարևորը, բոլորի կրծքին փայլում է ՀՀԿ-ի փայլփլող կրծքանշանը, կարծես դրանով ասելով ՝ սա է մեր ձևը, պիտի համակերպվես, չե՞ս ուզում՝ արտագաղթի դռները բաց են:
Միայն թե, եթե հիշում եք, պարոնա՛յք երդվյալ ատենակալներ, ամեն ինչ այս կյանքում ժամանակավոր է: և պատմության գնահատականից ու կյանքիբումերանգից դեռ ոչ մեկին չի հաջողվել խուսափել: և այդ ժամանակ օգնության չեն կարող գալ կուսակցական անդամատոմսը կամ հավատարմության երդում կերած «զինակիցները»:
Համոզված եմ, որ մի օր բոլորին պիտի այցելի «Դոն Ժուան»-ի՝ մահացած Կոմենդատորեի ուրվականն ու բոլորին պիտի ստիպի մեղա գալ իրենց արած ստորությունների համար, այլապես դժոխքի բաժին կդառնան:
Իսկ առայժմ…. շարունակեք ձեր «խրախճանքը ժանտախտի ժամանակ»:
Ինչպես դուք եք ասում՝ «Առաջ Հայաստան, հավատանք որ փոխենք»…







































