Երգիչ, կինոդերասան Էլվիս Փրեսլիի անձնական Աստվածաշունչը Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է 59 հազար ֆունտ ստեռլինգով: Այս մասին հաղորդում է Sky News-ը: Սեպտեմբերի 8-ին կայացած վաճառքից Omega աճուրդի տունը նախատեսել էր ստանալ ընդամենը 20-25 հազար ֆունտ ստեռլինգ:
Փրեսլիի Աստվածաշնչի համար պայքարել են 3 գնորդներ, որոնք իրենց դրույքները կատարել են հեռախոսով: Փրեսլիի կողմից նշումներով Սուրբ գրքի նոր տերն ԱՄՆ-ից է. անունը չի հաղորդվում:
Ի տարբերություն Աստվածաշնչի` հայտնի երգչի վարտիքը գնորդների շրջանում հետաքրքրություն չի առաջացրել: 7000 ֆունտ մեկնարկային գնով վարտիքի համար առաջարկվել է 5000 ֆունտից ոչ ավելի, այդ իսկ պատճառով լոտը վաճառքից հանվել է:
Փրեսլիին պատկանող Աստվածաշունչը և այլ իրեր, որոնք աճուրդի են հանվել Omega-ի կողմից, պատկանում են բրիտանացի մի կոլեկցիոների: Աճուրդի ընթացքում հաջողվել է այդ հավաքածուից վաճառել ընդհանուր 100 հազար ֆունտ արժողությամբ իրեր:
Նշենք, որ գիրքը Փրեսլիին Սուրբ Ծննդյան օրվա առթիվ 1957 թվականին նվիրել է նրա հորեղբայր Վեստերը:









































